ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՀԻՄԱ ԱՇՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ԳԱՐՈՒՆ»

«ՀԻՄԱ ԱՇՈ՞ՒՆ Է, ԹԵ՞ ԳԱՐՈՒՆ»
11.12.2009 | 00:00

«Մաեստրո» ֆիլմը սկսվեց հարցով.
-Հիմա աշո՞ւն է, թե՞ գարուն:
…Եվ ոչ մի ակնթարթ հնարավոր չէր կտրվել էկրանից:
Մոտ երկու ժամ անց, երբ դահլիճը լուսավորվեց, պարզ էր, որ հանդիսություն չէր, որին մասնակցեցինք: Հանդիսատոն էր:
Հպարտ էի, որ տեսա մի ֆիլմ, որն անխաբ պատմություն էր։ Սցենարը, օպերատորական նկարահանումը, մոնտաժը, հնչյունավորումը, երաժշտությունը, վերջապես՝ ռեժիսուրան... ո՛րն ասես: Այս ֆիլմով կարող են հպարտանալ բոլոր մասնակիցները, աշխատանքային ամբողջ խումբը:
Վիգեն Չալդրանյանի գործերում արտացոլվում են մեր ազգային ժամանակի հանգուցային պահերը: Նա ներկայացնում է նախաշեմը, որից սկիզբ են առնում փոփոխությունները, ներկայացնում է թնջուկը, որը հանգուցալուծում, շրջադարձ է պահանջում: Վիգեն Չալդրանյանի ֆիլմերը խորհուրդ-նետեր են՝ ուղղված հանդիսատեսի հենց ներաշխարհին՝ ինտելեկտին, խղճին: Այդ գործերն ակտիվորեն հիշեցնում են անցյալը, պարզում ներկան և միտվում են ապագային: Դրանք ծրագրային են: Եվ այս ֆիլմն էլ ազգային է ու հույժ քաղաքացիական:
«Մաեստրո»-ում էլ ոչ մի ավելորդություն չկա: Բոլոր մեծ ու փոքր դրվագներն անփոխարինելի են, ստեղծված է դեպքերի շարան՝ կապակից, արտահայտիչ ու կլանող: Վարպետ ու բնական են բոլոր դերակատարները: Ինքնատիպ են կերպարները՝ ներքինով էլ, արտաքինով էլ. կարծես Վերածննդի նկարչի բնորդուհի, վարսագեղ ու արծաթաշող Կատյուշան (Էկա Հորստկա), ազատ, կոլորիտային նկարիչը (Կարեն Ջանիբեկյան), անշեղ ու ամուր՝ աշխատանքային մարդ-գործիչ դիրիժորը (Էդուարդ Թոփչյան), ժամանակակից շրջահայաց երիտասարդության ներկայացուցիչ Տիգրանյան-որդին (Ավետ Բարսեղյան)։ Իսկ Միքայել Պողոսյանի Մաեստրոն չէր էլ ընկալվում որպես դեր: Սա նույնականության պատրանքի դեպք էր:
Հիմա աշուն է: Թաց աշուն: Դուրս գալով, քայլում ես, հասկանում, որ մեջդ միայն ցավ չէ, թախիծը լուսավոր չէ, լուսավոր չէ ափսոսանքը, թեև թավջութակի կոնցերտը կարծես կա, կարծես միայնության ու ոգորումների հույզերն ու մղկտանքը, խավարն ու լույսը, ընդերքային խմորումները և երկնասլաց ազատատենչությունն արդեն ծնվել են, դարձել երկ, հանձնվել են Վիգեն Չալդրանյան - Գուրգեն Խանջյան սցենարիստներին, Չալդրանյան ռեժիսորին, Թոփչյան դիրիժորին, Կարեն թավջութակահարին՝ որպես Շարաֆյանի կոնցերտ… Եվ ապա մատուցվել են մեզ ու մեր հոգին լցրել ցավով ու ափսոսանքով:
Եվ… այն, որ դա ընդամենը ֆիլմ է, չի մխիթարում: Ապրումը պարուրել է. պարադոքսի, թարս ճակատագրի, ուղու խոտորման ահազանգ կա, անվտանգության խնդիրներ են առաջադրվում և ոչ միայն դրվելու համար: Թյուրիմացությունն ու փորձանքը, ամայությունն ու սանձարձակությունը չպետք է դոմինանտ լինեն, չպետք է վճռորոշ լինեն: Սա մինիմալ խնդիրն է մեզ համար:
… - Հիմա աշո՞ւն է, թե՞ գարուն:
Այն ժամանակ գարնանամուտ էր՝ 2008-ի փետրվարի վերջերից մինչև մարտի 1-2-ը, գարուն:
Կապերն ու կապակցումները կորցրած մի անիվ պտտվում է փողոցն ի վար: Դա իներցիոն սկզբով, վայրէջքային արագացմամբ մի անկառավար ընթացք է՝ հար և նման այն ամենին, ինչ կատարվելու է մի քանի օրվա մեջ:
Երկու ընթացք՝ զուգընթացներ ունի ֆիլմը՝ Մաեստրոյի և միտինգային բազմության, խաղարկային և վավերագրական:
60-ամյա թավջութակահար, մաեստրո Արմեն Տիգրանյանին հանդիսավորապես պարգևատրում են Մովսես Խորենացու շքանշանով: Իսկ նա պրոզաիկ հիվանդության անհարմարությունների մեջ է. շտապում է, ջանում է պահպանել նախկին, նորմալ վիճակը:
Հընթացս ծավալվում են միտինգները, հրապարակային ալեկոծումները: Մեկտեղվում են նորանոր իրավիճակներ: Հանգամանքների ու թյուրիմացությունների բերումով սկիզբ են առնում դեպքեր, անձնական ու հանրային ցնցումներ:
Զուգակից են երկու զարգացումները: Դրանք նույնը չեն: Ի՞նչ կարող է զգալ մարդկային ամենախոր ընկեր-գործիքը խոսեցնող մարդը: Հնարավո՞ր է, արդյոք, լինել թավջութակահար և անմասն լինել ապրումներին, տվայտանքներին ու ճակատագրականությանը: Մաեստրոյի՝ արժեքների աշխարհի հիմքը ճեղք է տվել: Թափանցամաշկ գեղուհու հանդեպ հիացքը փոխվում է սթափության, ապա դառնության: Կնոջ դավաճանության կասկածները զարկում են նրա դղյակի հիմքին, նրա վերածնված սրտի հազիվ վերստեղծված ապարանքին: Ասեկոսեները, աշխատանքային փսփսոցները, ուսանողների անհաղորդությունը սասանում են Մաեստրոյի աշխարհը, իսկ անհասկանալի մասսաների բզզոցները, հաբրգածների աննամուսությունն ու սանձարձակությունը, ծախուությունն ու անելանելիությունը, Անուշ-ների մարմնավաճառուհի կարգավիճակը և ակնդետ հայացքով շունը` իր անբառ հարցերով, լրացնում են նրա անդուռ միայնությունը: Տնից օտարված, հետո նաև՝ աշխատավայրից քշված Մաեստրոն դեգերում է, փնտրում հենարան, գոնե հենակետեր: Եվ այս ամենը զուգահեռված է հրապարակի ու փողոցների պրոցեսներին: Միտինգավորների մեջ Մաեստրոն «Հայացքների թակարդում» է: Փողոցի մարդիկ էլ են օտար: Բայց, այնուամենայնիվ, նա վանվում է նախկին ուղղահուն կյանքից: (ՈՒ գինու պես քո հոգին)։
Անպատմելի է դիպաշարը, ցնցումների ուղի է՝ շղթայական ռեակցիայի օրինակ:
Այս ֆիլմն ափսոսանքի մասին է, ցավի մասին: Խաղարկային բաժնում՝ ափսոսանք է Մաեստրոյի համար, ափսոսանք` արծաթաձայն ու սիրատոչոր, անմռունչ սպասող ու տառապող Կատյայի համար, ափսոսանք` բնական ստեղծագործական հունից դուրս ընկած, արդեն խոտոր վիճակի հատուկ մի ոճի հարմարված նկարչի համար: Ափսոսանք կա փողոցային պչրուհու՝ ամենանվաստացուցիչ վիճակում գտնվող այդ աղջկա համար, որ դարձել է տռփանքի անոթ և հանդուրժում է սանձարձակների վերաբերմունքը: Դեռատի մարմնավաճառուհուն մտերմության կարճառոտ պահեր՝ հոգեկան կոնտակտ է նվիրում Մաեստրոն՝ քնքշության ու ափսոսանքի ընդամենը մի համբույր, որ բացում է Անուշ անունով տարաբախտ աղջկա բեկյալ կերպարը: Մաեստրոյի համար նա սկզբում առնական ուժի անկատար էքսպերիմենտի օբյեկտ է ու վկա: Իսկ վերջում այդ մանկամարդ կինը, որ առաջին «հանդիպման» ժամանակ փորձում էր օգնել համակրելի ու սրտակից մարդուն վերացնելու առնականության թերարժեքությունը, դառնում է կատաղությամբ ախտահարվածի օրհասական տռփական ժայթքման կրող, մոլեգին տռփանքի պարտնյոր: Ֆիլմում հարցականանում է նաև պչրուհու հետագա վիճակը՝ կատաղախտի հնարավոր զոհ դառնալու առումով: Ափսոսանք կա խոտոր ու վհատական տնազուրկների համար: Ափսոսանք կա շան համար: Թվում է՝ սա այն շունն է, որին չարենցյան տողն է բնորոշ. «Շո՛ւն, կարոտի՜ իմ եղբայր, դառնաթախի՛ծ իմ ընկեր…»: Իսկապես էլ շնային հավատարմությամբ ընկեր կարող էր լինել նա, բայց իր անտերունչ վիճակից արժանացել է ընդամենը կատաղախտի և դարձել վարակի կրող ու փոխանցող, ինչպես և հետագայում տենդահար Մաեստրոն:
Իսկ վավերական բաժնում ահռելի է ափսոսանքը չկայացածի համար, ագրեսիայի ու ցուցադրականության կերպը որդեգրած ծայրահեղականների համար, Թումանյանի արձանի վերևներում չրթող տղեկի կուլտուրայի համար, թամաշայի համար, թեժ խառնակության համար, չհասկացվության և անհաղորդության համար: Եվ Մաեստրոյի խոսքը գուցե ճիշտ էր.
-Իսկ գուցե այնտեղ լինե՞լն է ճիշտ:
Գուցե և այդպես է՝ անկախ նրանից, գաղափարակից ես, համախոհ ես, թե չէ: Կարող է՝ չլինեին այդպիսի սևեռուն շիկացումներ, անհանդուրժողություն ու թշնամականություն: Երևի թե խուսափուկ պահվածքը նույնպես պայմանավորեց այդ մթնոլորտը: Ստեղծվեց խառնարանը:
Անպատմելի այս կինոնկարը ռեքվիեմ է Մաեստրոյի և 2008-ի մարտի 1-ի համար:
… - Հիմա աշո՞ւն է, թե՞ գարուն…
Հիմա աշուն է: Անձրև է մաղում կամ կաթում: Անձրևը լա՞ց է, սփոփա՞նք, թե՞ մաքրագործում: Անձրևը լա՛ց է, սփոփա՛նք, մաքրագործո՛ւմ:
Ափսոսանքը սրտում, ցավը տեսած, ցավերով անցած մենք այս ֆիլմի կարիքն ունեինք, որովհետև պսիխոթերապիայի պետքը ունենք: Այս կինոնկարը պսիխոթերապիա է: Իրավամբ, ի՞նչ է պսիխոթերապիան, եթե ոչ վերլուծություն ցավ առ ցավ, քայլ առ քայլ, շերտ առ շերտ: Անհասկացողություն, չարություն, մոլուցք, մոլեգնություն, կատաղախտ, հարձակում, արյուն, ամայություն: Սա հիվանդություն է, որի ակամա մեղավորն է ախտահարը և որը արյան վտանգ ունի: Իսկ հիվանդության մեղավորը մեղքն է՝ տասը պատվիրանների խախտումը: (Իսկ իշխանավորները պետք է ոչ միայն իրենք հետևեն պատվիրաններին, այլև ապահովեն պատվիրաններով ապրելու հնարավորությունները)։
Բուժման բանալին համընդհանուր է՝ ճշմարտությունը, որ ճշմարտություն է բոլորի համար: Սերը առ մերձավորը: Սա է մեր հավաքականության, կենտրոնաձգության երաշխավորը: Եթե ոչ՝ փորձանքը դամոկլեսյան սրի պես է:
Ֆիլմը ո՛չ դեմ է բազմությանը, ո՛չ մարդկանց, ո՛չ Մաեստրոյին, նրա կնոջը, որդուն, հարսին, թոռանը, կոլեգաներին, ո՛չ փողոցային պչրուհուն, ո՛չ ոստիկաններին, ո՛չ լրագրողին, ո՛չ իսկ շանը: Դեմ է թշնամությանը, դեմ է փորձանքին, պատուհասին: Եթե ամեն մեկը չներփակվեր, դատապարտվածի պես չտաներ ցավն ու դարդը, եթե իրոք կարող ու սիրող մարդը` հոգեբան կամ անաչառ խորհրդատու, հոգ տաներ մարդուն ու հանրությանը: Եթե լույսն առաջնորդեր: Եթե կռիվը, պայքարը լինեն նաև հանուն և ոչ թե միայն ընդդեմ…
Իսկ այս ֆիլմը սիրո ու ապրումի ծնունդ է: Սիրո առաջին պահանջը հենց բնական հոգատարությունն է: Մշտական և ամենուրեքյան: Եվ փոխադարձ: Սա պայման է: Սա է դրսի և ներսի ներդաշնակությունը: Մարդը ոչ միայն բանական, հոգևոր, ոգեղեն լայնություն-բարձրություն-խորություն ունի, այլև բնազդներով, բնական շրջանառությամբ, նյութափոխանակությամբ, կենդանական արարած է, թեև ասուն:
Կինոնկարը մարդու մասին է, մարդկանց մասին է, բազմության մասին է, մեր մասին է, շան մասին է, ովքեր կարող են վտանգված լինել, կարող են տուժել, կարող են զոհվել պատուհասի պատճառով: Թյուրիմացություն առ թյուրիմացություն է կազմավորվում պատուհասը, ահագնանում է փորձանքը և դառնում ողբերգություն, աղետ: Հիմքում չըմբռնելու, չլսելու կուլտուրայի պակասն է կամ բացակայությունը, ուշադրության ու պատշաճ վերաբերմունքի ահագնացող դեֆիցիտը, կանխակալությունը, շտամպներից ազդվելը, թշնամականությունը: Իսկ կանխելու համար աշխատանք է պետք: Սեր է պետք: Ոչ թե սանձահարել մարդու բնությունը, այլ մարդուն վերաբերվել այնպես, ինչպես կուզեիր, որ քեզ վերաբերվեին:
Այնինչ էկրանին արդեն ծայրակետն է: Անհանգիստ տենդով, անգամ շան խածոցից առաջ, Մաեստրոն, որ ճար ու հենարան էր փնտրում, հեռացած իր կենսակերպից, կատաղախտի բարձրակետում կամ արժեքների «անկումներից սարսափած» ու հալածական՝ հայտնվում է փողոցում և գետնից ձեռքն է առնում քարը: Սա է վերջը, բանականի վերջը: Վհատական ու տառապյալ՝ նրա մեջ արդեն այլ բնազդներ են խոսում, արդեն ախտահարվածության թելադրանքն է: Իսկ փողոցներում, զուգահեռաբար, բախումներն են: «Հուսահատական սև ժամերն» են:
Իսկ մնացածը… անհնարին, համակ ցավ է:
Մնացյալը վերջն է՝ գրգռված էմոցիաները, ոխակալությունը, մոլեգնության վերջակետը` արյունը և տարակուսանքը՝ ինչո՞ւ:
«Ախր, էդ ո՞նց եղավ»,- տնքոցով հարցնում էր ամենահայտնի թեական ֆիլմի հերոսներից Գևորգ Սարոյանը:
Իսկ էկրանի սահմռկեցուցիչ վավերագրական դրվագներից, քանդելու-ջարդելու-ծեծելու կենդանական բնազդների խրախճանքում, արնաշաղախ տապալված մարդկանց կողքին խլրտացող անկարգ ոտուձեռների, քացիների, նետումների, հարվածների ու ոստիկանական մահակների արանքում մի կանխողի-զսպողի-ոստիկանի գոռոցն է մեխված ահազանգում.
-Արա՛, հո՛պ: Հո՛պ, արա՛, ստո՛պ:
Կա՛նգ առ, մոլուցքը ահռելի ու ահավոր առաջնորդ է: Դիմացդ քո մեծ ընտանիքի անդամն է, դիմացդ քո եղբայրն է, քո հարազատը:
Ինչպե՞ս և ի՞նչ եղավ 1996-ին (չէ՞ որ նույնամասշտաբ իրադրությունում արյուն չթափվեց): Ինչպե՞ս տեղի ունեցավ 1998-ի հոկտեմբերի 27-ի սպանդը: Ինչի՞ց եղավ 2008-ի մարտի 1-ը, ո՞նց հեղվեց արյուն:
Տեսնո՞ւմ ենք թակարդները: Պետք է տեսնենք: Չէ՞ որ մենք մի ընտանիք ենք:
… - Ներսն ու դուրսը ներդաշնակ պետք է լինեն:
Վիգեն Չալդրանյանի ֆիլմը տալիս է ճշտության, շտկման, ապրելու, ուժավորման ազգային առաջադրանք: Դա է ներկա հրամայականը: Հարկ է անսալ ու տեսանել: Դա է նրա՝ Արմեն Տիգրանյանի վերջին անբառ խոսքում՝ վերջին հայացքում. անտակ անդունդների, գահավիժման իսկությունն է այդ հալածական, վայրի աչքերում, «Մաեստրո»-ի վերջին դրվագում: Անպատմելի է նրա պատմությունը: Եվ երաժիշտ նվիրյալի սրտի թարգմանը կարող էր լինել միայն թավջութակը՝ ողբաձայնով ու մորմոքով, փաղաքուշ ամոքումով ու խաղաղեցմամբ: Եվ այդ ձայնը հնչում է որպես ապաշխարանք Մաեստրոյի չարչարանքին, որպես մահերգ զոհերին, որպես ըղձանք առաջընթացի:
-Ո՞նց անել,- ահա առաջին՝ վավերագրական ֆիլմի հորձանուտի և «Մաեստրո» ֆիլմի հորձանուտի հանդիպադրությունից ծագած հարցը:
Բաղդատումը կարևոր է և ինքնին ստացվեց: Եզրակացությունը մեկն է. հորձանուտն ու գեղեցկությունը պետք է մերվեն, չհակադրվեն. իրար համար են:
ՈՒստի և այս ֆիլմը ձոն է թավջութակին, երաժշտությանը, գեղակերտմանը և ինքն էլ կերտվել է հանուն գեղեցիկի փրկության և գեղեցիկով փրկության:
Ինչպե՞ս է դիրիժորը ի մի բերում, ժողովում բոլոր ձայները: Հենց նոր ականջներ սղոցող ձայներ հնչեցնողները, դիրիժորին ի տես, ընդհանուր մի կետի վրա կենտրոնանալով՝ լռում են. կարգավորվում են ուժերն ու շնչառությունը և ունակ ու կարող մարդու ձեռքի՝ առանցքային փայտիկի շարժումներին ենթակա` մտածված ու ապրված՝ տեսական Գործը դառնում է իրական, լսելի, շոշափելի, վայելելի հարստություն, առաջընթաց, բարիք: Այդքան տարբեր նվագարաններ են համախմբվում, այդքան տարբեր ձայների տերեր են իրար կողքի կանգնում, այդքան տարբեր նվագներ են նվագվում: Բայց համախումբը այդ կերպ է օրգանիզմ դառնում, այդ համազուգակցումով է կերտվում կատարելությունը, գեղեցկությունը: Գեղեցիկը կփրկի աշխարհը: Գեղեցիկը, որ ուժեղների, առողջների, արժանապատիվների, նվիրյալների ձեռքում կդառնա ղեկ, փարոս, ուղենիշ, ծրագիր հանրության ու ազգի համար:
Լաուրա ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ